Սպիտակագլուխ անգղ

Gyps fulvus

Դասակարգում

 Դաս․Թռչուններ. Aves. Class

Կարգ․Ճուռականմաններ. Accipitriformes. Order

Ընտանիք․Ճուռակներ. Accipitridae. Family

Ցեղ․ Անգղեր․ Gyps. Genus

Ճուռակների ընտանիքի անգղների ցեղի խոշոր թռչուն է։ Տարածված է հարավային Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի չոր լեռնային և լեռնատափաստանային լանդշաֆտների ժայռային ելքերով հարուստ տարածքները։ Տեսակի արեալն ու առանձնյակների ընդհանուր թիվն աստիճանաբար նվազում է, թեև Բնության պահպանության միջազգային միության /IUSN/ ցուցակում սպիտակագլուխ անգղն ընդգրկած է «LC» կարգավիճակով։  

Շատ խոշոր անգղ է։ Մարմնի երկարությունը՝ 93–122 սմ, թևերի բացվածքը՝ 234-269 սմ։ Մարմնի ընդհանուր գույնը բաց շագանակագույն է, փորային հատվածում փոքր-ինչ ավելի բաց: Թևերի թափահարող փետուրները և պոչը մուգ շագանակագույն են, ոտքերը՝ մուգ մոխրագույն Աչքի ծիածանաթաղանթը դեղնա-շագանակագույն է։ Գլուխը և վիզը ծածկված է սպիտակա-մոխրագույն աղվամազով, լավ արտահայտված է երկարացած փետուրներից կազմված օձիքը։  Արուներն ու էգերը գույնով միմյանցից չեն տարբերվում։ Երիտասարդ թռչունների փետրածածկը միապաղաղ կարմրաշագանակագույն է։

Սնվում են կենդանիների լեշով,  սնունդը փնտրում են մեծ տարածությունների վրա, որոնց մակերեսը կարող է կազմել տասնյակ կիլոմետրեր։ Հաճախ առաջացնում են մեծ խմբեր՝ մինչև 20 զույգ, այդ թվում բնադրման ժամանակ։ Բնադրում են ժայռերի ծերպերում, ոչ մեծ անձավներում և քիվերի վրա։ Մոնոգամ են, զույգերը պահպանվում են ողջ կյանքի ընթացքում: Բույնը կառուցվում է ճյուղերից, ներսում՝ բարակ ճյուղերից և խոտի ցողուններից փռոցաշերտ։ Բույնն ունի 1–2,5 մ տրամագիծ, 20–70 սմ բարձրություն և հնարավորության դեպքում օգտագործվում է մի քանի տարի անընդմեջ։ Զուգավորման սեզոնի սկիզբը տարբերվում է արեալի տարբեր հատվածներում։

Ձվակույտում մեկ երբեմն երկու սպիտակ ձու է, երբեմն՝ դարչնագույն բծերով։ Ձվերի չափը` 8-10 սմ x 6-8 սմ [13], ինկուբացիան տևում է 47-57 օր, մասնակցում են երկու ծնողներն էլ։ Ձագերը ձաձկված են սպիտակ աղվափետուրով, որը մոտ մեկ ամիս հետո փոխարինվում է բաց շագանակագույնի։ Թռչել սկսում են բավականին ուշ՝ 3-4 ամսականում, սակայն նույնիսկ դրանից հետո ծնողները կերակրում են ձագին՝ մինչև 3 ամսական։ Երիտասարդ թռչունները սեռահասուն են դառնում 4-7 տարեկանում։ Կյանքի առավելագույն տեւողությունը անազատ պայմաններում հասնում է 41 տարվա։

Ներտեսակային պայքարի հետազոտությունը ցույց է տվել, որ տարիքով մեծ առանձնյակներն առավել հակված են ագրեսիվ վարքագծի քան երիտասարդ անհատները։ Սեռերի, անազատ պայմաններում մեծացած և բնություն վերադարձված առանձնյակների վարքագծում տարբերություններ չեն դիտարկվել։  

Հետաքրքիր է, որ ի տարբերություն այլ թռչունների, սպիտակագլուխ անգղերը /ինչպես նաև մի շարք այլ գիշատիչ և լեշակեր տեսակներ/ օգտագործում են թռիչքի հատուկ ձև՝ ճախրող թռիչք, ինչը շատ ավելի էներգախնայող է, քան թափահարող թռիչքը։ Թափահարող թռիչքի ժամանակ թռչունների նյութափոխանակությունն ավելանում է մինչև 16 անգամ, իսկ ճախրող թռիչքի դեպքում ընդամենը 1,4 անգամ։ Այսպիսի ընդունակությունը անգղերին հնարավորություն է տալիս շատ երկար ժամանակ գտնվել օդում և տեղափոխվել մեծ տարածությունների վրա։ Թռիչքի ավարտից հետո սրտի զարկերի հաճախությունը վերադառնում է նախկինին ընդամենը 10 րոպեի ընթացքում։

Սպիտակագլուխ անգղերն օգտագործում են մարմնի, այդ թվում գլխի, ոչ փետրածածկ հատվածները ջերմակարգավորման նպատակով, ինչի շնորհիվ այս տեսակն ունի շատ լայն ջերմային չեզոք դիապազոն և կարող է ապրել և շատ շոգ կլիմա ունեցող վայրերում և լեռնային մեծ բարձրությունների վրա։

ՀՀ տարածքում վերջին գնահատումներով առկա է 46-54 բնադրող զույգ։ Ըստ միջազգային մոնիթորինգային տվյալների թվաքանակի կրճատման հիմնական պատճառներն են բնական էկոհամակարգերի դեգրադացիան, մարդածին ճնշումը, ինչպես նաև ուղղակի ոչնչացումը տեղի բնակչության կողմից՝ այդ թվում թունավորված խայծի միջոցով։

Ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում՝ որպես վտանգված տեսակ, պահպանվում է օրենքով։