Առյուծ

Դաս՝  Կաթնասուններ Mammalia

Կարգ՝  Գիշատիչներ Carnivora

Ընտանիք՝ Կատվազգիներ Felidae

Ցեղ՝  Ընձառյուծներ Panthera

Տեսակ՝  Առյուծ Panthera leo

 Ժամանակակից  կատվազգիներից առյուծը և վագրը հանդիսանում են առավել խոշոր տեսակները։ Կա կարծիք, որ առյուծն իր չափերով զիջում է վագրին, սակայն ինչպես թանգարաններում պահպանված առյուծների և վագրերի նմուշների, այնպես էլ ժամանակակից առանձնյակների փաստացի չափագրված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ այս երկու խոշորագույն ժամանակակից կատվազգիներն ունեն մոտավոր համեմատելի չափեր։ Հասուն արու առյուծը կշռում է 180 — 250 կգ, իսկ էգը՝ 120 — 150 կգ։ Փաստացի չափված առավել խոշոր վայրի առյուծը հանդիսանում է 1936 թ հարավային Աֆրիկայում սպանված արուն, որը կշռել է 313 կգ։ Մարմնի երկարությունը հասնում է, արուներինը՝ մինչև 250 սմ, էգերինը՝ 175 սմ /առանց պոչի/, փաստացի չափված առավել երկար առյուծի երկարությունը /առանց պոչի/ կազմել է 330 սմ /անազատ պայմաններում առյուծները կարող են ավելի մեծ չափերի հասնել/։

Գիշատչի մարմինը ճկուն է, շարժուն, լավ զարգացած մկաններով, որոնց գումարային մասսան կազմում է մարմնի մոտ 60 %։ Ճանկերի երկարությունը հասնում է 7 սմ-ի։ Գլուխը խոշոր է, երկարավուն դնչով և ուժեղ ծնոտներով։ Առյուծն ունի 30 ատամ, ժանիքների երկարությունը կարող է հասնել 8 սմ-ի։

Առյուծի նորածին ձագերի մորթու վրա կան լավ արտահայտված պտեր՝ ինչպես ընձառյուծը, Հասունանալուն զուգահեռ այդ բծերն աստիճանաբար անհետանում են, սակայն երբեմն պահպանվում են էգերի վերջույթների վրա և փորային հատվածում։ Առյուծի մազածածկը տատանվում է բաց ավազագույնից բաց շագանակագույն՝ երբեմն կարմրավուն երանգով։ Պոչն ավարտվում է սև մազափնջով, որն ունեն և արուները և էգերը: Ձագերը ծնվում են առանց այդ «վրձնի», միայն 5 ամսական հասակում է այն սկսում ձևավորվել և արդեն 7 ամսական ձագերն ունեն լավ արտահայտված վրձնանման մազափունջ։ Արու առյուծներն ունեն լավ արտահայտված բաշ։ Այն կազմված է խիտ, երկար, հաճախ մուգ /գրեթե սև/ մազափնջերից, որոնք ծածկում են գլուխը, վիզը, ուսերը, կուրծքը։ Երբեմն նույնպիսի խիտ մազափնջերը տեղավորված են նաև փորի վրա։ Արու առյուծի բաշը սկսում է աճել արդեն 6 ամսականից և 3 տարեկանում հասնում է 35-40 սմ-ի։

Բնության մեջ առյուծներն ապրում են 12-15 տարի, ընդ որում էգերն ավելի երկարակյաց են, քանի որ արուներն անհատական տարածքի և ընտանեկան խմբերի /պրայդ/ պաշտպանության ժամանակ ստացած վերքերից մահանում են մինչև 15 տարեկան դառնալը։ Անազատության պայմաներում առյուծներն ապրում են 5-7 տարով ավելի։

Հանդիպում են Աֆրիկայում և Ասիայում։ Առյուծների տարածման պատմական սահմաններն ընդգրկել են ողջ Աֆրիկան, առաջավոր Ասիան, հարավային Բալկանները, Անատոլիան, Հայկական բարձրավանդակը, Իրանը, Արաբական թերակղզին և Հնդկաստանը։ Ներկայումս առյուծները տրածված են Սահարա անապատից հարավ՝ հիմնականում արևելյան և հարավային Աֆրիկայում: Ասիայում առյուծն ապրում է միայն Հնդկաստանում՝ Գուջարաթ նահանգի շատ սահմանափակ տարածքում։

Առյուծը, ի տարբերություն մյուս բոլոր կատվազգիների, ապրում է ընտանեկան խմբով՝ պրայդով, որը բաղկացած է միմյանց հետ ազգակցական կապերի մեջ գտնվող 5-6 էգերից, նրանց ձագերից և 1-2 հասուն արուներից (2 արուները կարող են նույն խմբում մնալ միայն այն դեպքում, եթե նրանք եղբայրներ են): Էգ առյուծները ճարպիկ և արագաշարժ որսորդներ են, ինչը չի կարելի ասել ծանր բաշով արուների մասին։ Հնդկաստանում առյուծների որս են դառնում վայրի վարազները և եղնիկները։ Աֆրիկյան առյուծները սնվում են այծքաղներով, գոմեշներով, զեբրերով և այլ խոշոր սմբակավորներով։ Երբեմն առյուծները հարձակվում են նաև գետաձիերի, ընձուղտների և անգամ փղերի ձագերի վրա։ Սննդի պակասի դեպքում որսում են նաև մանր կենդանիներ։

Բազմանում են շուրջ տարի։ Արուն սեռահասուն է 3-4 տարեկանում, 4-5 տարեկանում արդեն կարող է նվաճել սեփական պրայդ։ Էգը սեռահասուն է դառնում 4  տարեկանից։ Հղիությունը տևում է 110 օր։ Էգը ծննդաբերում է 1–4, մոտ 2 կգ քաշով, կույր ձագեր, որոնց աչքերը բացվում են 7 օր հետո։ Մայրական կաթով սնվում են մինչև 6–7 ամսականը, բայց 1,5 ամսականից մայրը ձագերին թույլ է տալիս օգտվել նաև որսի մսից։

Առյուծների թիվն անընդհատ նվազում է, նրանք պահպանվում են միայն արգելանոցների ու ազգային պարկերի տարածքներում։ Պահպանվող տարածքներից դուրս առյուծները ոչնչացվում են տեղի բնակչության և որսագողերի կողմից։ 20-րդ դարի ընթացքում առյուծների թվաքանակը կրճատվել է կրկնակի, իսկ տարածման սահմանները՝ բազմակի։ Ամբողջությամբ անհայտացել է հյուսիսաֆրիկյան կամ Բերբերական առյուծը, ասիական առյուծը գտնվում է անհետացման եզրին։ Այդ իսկ պատճառով տեսակն ընդգրկված է Միջազգային Կարմիր գրքում՝ որպես խոցելի։

Երևանի կենդանաբանական այգում ապրում են 6 հասուն և 1 երիտասարդ առանձնյակ՝ ծնված 2022 թ։ Կերակրվում են շաբաթական 6 օր՝ օրական մեկ անգամ։ Հիմնական սնունդը տավարի միսն է, շաբաթական մեկ անգամ կերակրվում են «կենդանի» կերով՝ ճագարով կամ ծովախոզուկներով։ «Կենդանի» կերն անհրաժեշտություն է բոլոր գիշատիչների համար։ Շաբաթական մեկ օրը բեռնաթափման օր է։