Ասիական փիղ

Ընտանիք — փղեր Elephantidae

Ցեղ — ասիական փղեր Elephas

Տեսակ — հնդկական փիղ Elephas maximus

 

Ասիական փիղը երկրորդ ամենամեծ ցամաքային ողնաշարավոր կենդանին է աշխարհում աֆրիկյան փղից հետո:

Նրա բարձրությունը հասնում է 3,5 մ-ի, իսկ քաշը՝ 4,5 տոննայի, ունի խիտ կազմվածք, հզոր ոտքեր և երկար զանգված։ Ամբողջ մարմինը ծածկված է կնճռոտ մաշկով, որի գույնը կարող է տարբեր լինել՝ մուգ մոխրագույնից մինչև շագանակագույն։

Ապրում է հնդկա-մալայական կենսաաշխարհագրական տարածաշրջանում՝ Հնդկաստան, Շրի Լանկա, Նեպալ, Մալայզիա, Ինդոնեզիա:

Արևադարձային և մերձարևադարձային լայնատերև անտառները՝ խիտ ստորաճով, ասիական փղի համար բնորոշ բնակավայրեր են։ Լեռներում հանդիպում են ծովի մակարդակից մինչև 3600 մ բարձրության վրա։

Ասիական փիղը դժվարությամբ է դիմանում կեսօրվա շոգին, այդ ժամանակ նա թաքնվում է ծառերի ստվերում՝ ականջներով հովանալով։ Հանգիստ և դանդաղ կենդանին կարող է բավականին արագ վազել՝ հասնելով մինչև 48 կմ/ժ արագության: Փղերը նաև հիանալի լողորդներ են։ Ասիական փիղն օրական մոտ 20 ժամ է ծախսում սնունդ փնտրելու համար և մոտ 4 ժամ քնում է: Հասուն առողջ ասիական փիղը միշտ կանգնած է քնում:

Ապրում է 70-80 տարի, սեռական հասունությունը տեղի է ունենում 15-20 տարեկանում։ 

Ամեն տարի, նախքան բազմացման սկսվելը, արուները մտնում են հատուկ «must» կոչվող վիճակ, որը նշանակում է «հարբած»: Այն ուղեկցվում է արյան մեջ տեստոստերոնի բարձր խտությամբ և ագրեսիվ պահվածքով։

Ասիական փիղը սոցիալական կենդանի է, ընտանեկան խմբում տիրում է մայրիշխանությունը։ Մեծահասակ արուները ապրում են առանձին, բայց կարող են նաև լինել խմբի անդամներ:

Կաթնասունների մեջ փղերի հղիությունը ամենաերկարն է՝ 18-21 ամիս։ Նորածին փղի մարմինը պատված է լինում խիտ շագանակագույն մազերով, որոնք տարիքի հետ թափվում են։

Սննդակարգը շատ «մեծ» է՝ փիղն օրական ուտում է իր քաշի 8%-ին հավասար քանակությամբ սնունդ։ Կենդանու հիմնական սնունդը խոտն է, ինչպես նաև որոշ պտուղներ, մրգեր, տերևներ, ցողուններ և կեղև։ Փղերը խմում են շատ մեծ քանակությամբ ջուր։

 Փղի գլխավոր թշնամիները վագրերն ու առյուծներն են, որոնք շատ դեպքերում որսում են երիտասարդ ու հիվանդ փղերին։

Ասիական փիղը նշանակալի դեր է խաղում ասիական շատ ժողովուրդների մշակույթում։ Ըստ լեգենդի՝ հենց «սպիտակ փիղն» է ազդարարել Բուդդայի ծնունդը, հետևաբար այն դարձել է տարբեր կապանքներից մարդու ազատագրման խորհրդանիշ:

Ասիական փիղը ստացել է վայրի բնության մեջ լիակատար անհետացման ենթակա տեսակի կարգավիճակ: Վերջին 80 տարիների ընթացքում նրա թվաքանակը նվազել է 50%-ով: Թվաքանակի նման նվազումը մի քանի պատճառ ունի։ Դրանցից մեկը տեղի բնակիչների կողմից կենդանիների ոչնչացումն է մսի կամ իրենց բերքը պաշտպանելու համար, որոնց վրա փղերը հաճախ են հարձակվում: Տեսակի պոպուլյացիայի վրա մեծ ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության ինտենսիվացումը և անտառահատումները, ինչը հանգեցրել է ապրելավայրի կրճատման և ճեղքման բազմաթիվ փոքր մեկուսացված տարածքների: Չնայած փղերի բնակավայրերում պահպանվող տարածքների ստեղծմանը, նրանց թիվը տարեկան նվազում է 3-5%-ով:

Փղերը մշտապես պահվել են կենդանաբանական այգիներում, ներկայումս դրանց քանակությունը կենդանաբանական այգիներում բավականին մեծ է, և այդ այգիներից շատերը զբաղվում են փղերի բազմացմամբ: