Եվրոպական եղնիկ

 

Դաս կաթնասուններ Mammalia

Կարգ զույգկճղակավորներ Artiodactyla

Ընտանիք եղջերուներ Cervidae

Տեսակ եվրոպական եղնիկ  Dama dama 

 

   Միջին մեծության եղնկներ են։ Սեռական դիմորֆիզմը լավ արտահայտված է: Արուներն ավելի խոշոր են, ունեն ճյուղավորված եղջյուրներ, որոնք վերին հատվածում բահաձև լայնացած են։ Մնդավի բարձրությունը 85-100 սմ է, քաշը՝ 80-100կգ։ Համեմատած այլ եղնիկների հետ ունեն հաստ և կարճ պարանոց, փոքր ականջներ։ Նրանք իրենց արագավազությամբ, ճարպկությամբ և ցատկի երկարությամբ զիջում են եղնիկների այլ տեսակներին։ Գունավորումը փոխվում է կախված տարվա եղանակից` ամռանը կարմրաշագանակագույն է, լավ արտահայտված սպիտակ պտերով, իսկ ձմռանը՝ մուգ շագանակագույն։  Հանդիպում են Եվրոպայում, Անատոլիայում, Հայկական բարձրավանդակում, հյուսիսային և հյուսիս-սրևելյան Իրանում։ Վերաբնակեցվել են նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում։

Արուների եղջյուրները սկսում են աճել զուգավորմանը նախորդող շրջանում։ Աճման ընթացքում եղջյուրները  ծածկված են կարճ, խիտ աղվամազով պատված մաշկով։ Եղջյուրի աճող հյուսվածքները բավականին արագ ոսկրանում են: Երբ արյան հոսքը դադարում է, եղջյուրի աճը կանգ է առնում, մաշկը մահանում է, չորանում և մաքրվում։

Եղջյուրները, հիմնականում, անհրաժեշտ են զուգավորման շրջանում՝ արուների մենամարտերի ժամանակ։ Չնայած արուները դրանք օգտագործում են նաև թշնամիներից պաշտպանվելու համար։

Գարնանը եղջյուրները պոկվում են հիմքից և ողջ ամառ եղնիկները զուրկ են եղջյուրներից։ Եղջյուրների փոփոխությունը տեղի է ունենում ամեն տարի և դառնում են ավելի խոշոր ու ճյուղավորված։ 

 Ակտիվ են ցերեկային ժամերին։ Սովորաբար արածում են ոչ մեծ հոտերով։ Խոտակեր կենդանիներ են, սնվում են խոտաբույսերով, տերևներով, ծառերի ճյուղերով և կեղևով։

 Զուգավորման շրջանը հոկտեմբեր — նոյեմբեր ամիսներին է։ Հղիությունը տևում է 8 ամիս։ Սովորաբար ծնվում է 1, հազվադեպ՝ 2 ձագ։

  Երևանի կենդանաբանական այգում ապրում են 40 եվրոպական եղնիկներ։ Կերակրվում են օրական 3 անգամ՝ խոտով, համակցված կերով և բանջարեղենով։