Լուսան

Դաս   Կաթնասուններ Mammalia

Կարգ   Գիշատիչներ Carnivora

Ընտանիք  Կատվազգիներ Felidae

Ցեղ   Լուսաններ Linx

Լուսանները կատվազգիների ընտանիքի գիշատիչ կենդանիներ են։ Ներկայումս տարբերակում են լուսանների չորս ժամանակակից տեսակ՝ Սովորական կամ եվրասիական լուսան (Lynx lynx) , Կանադական լուսան (Lynx canadensis), Պիրենեյան լուսան (Lynx pardinus), Կարմիր լուսան (Lynx rufus), որոնք տարբերվում են չափերով, գույնով և աշխարհագրական տարածվածությամբ։

Որպես կանոն, լուսաններն ունեն կարճ, բայց ամրակազմ մարմին, ականջների վրա կարելի է տեսնել երկարավուն և կոշտ մազերից ձևավորված լավ արտահայտված մազափնջեր, կարճ պոչ: Գլուխը կլորավուն է և համեմատաբար փոքր, աչքերը բավականին մեծ են, դունչը՝ կարճ, թաթերը մեծ են և լայն։

Ձմռանը, երբ ձյուն շատ է, լուսաններն առանց դժվարության քայլում են խորը ձյան միջով։ Դա պայմանավորված է նրանով, որ թաթերի ստորին հատվածը ծածկված է խիտ մորթիով։

Հասուն եվրասիական կամ սովորական լուսանի մարմնի երկարությունը հասնում է 80-ից 130 սմ-ի, մնդավի բարձրությունը՝ մոտ 70 սմ: Հասուն արու առանձնյակի քաշը կարող է հասնել 28 կիլոգրամի: Էգերն ավելի փոքր են և կշռում են 15–20 կգ:

Լուսանների մազածածի խտությունը և գունավորումը կախված է բնակության վայրից և կարող է տատանվել կարմրաշագանակագույնից մինչև մոխրագույն  երանգներով։ Միարժամանակ մեջքի, կողքերի և թաթերի վրա կան ավելի կամ պակաս արտահայտված մուգ բծեր։

Հարավային շրջաններում բնակվող լուսաններին բնորոշ է կարմրաշագանակագույն գունավորումը, մորթին  համեմատաբար կարճ և խիտ է։ Մազափոխություն լինում է տարին երկու անգամ՝ գարնանը և  աշնանը:

Բնության մեջ լուսաններն ապրում են միջինում 15–17 տարի, իսկ անազատության մեջ՝ մինչև 25 տարի։

Հիմնականում որսում են մանր կաթնասուններ և թռչուններ։ Լուսանները վարում են միայնակ ապրելակերպ և միայն զուգավորման շրջանում՝ մարտին սկսում են փնտրել զուգընկեր։ Հղիությունը տևում է 65–70 օր։ Լույս աշխարհ են գալիս 2–5, խուլ և փակ աչքերով, մոտ 300գր քաշով ձագուկներ։ Աչքերը բացվում են 12 օր հետո։ Առաջին ամսում սնվում են միայն մայրական կաթով, իսկ երկրորդ ամսից մայրն աստիճանաբար սովորեցնում է մսի։ Ձագերի խնամքով և դաստիարակությամբ զբաղվում  են երկու ծնողները էլ։ Էգ լուսանը սեռահասուն է դառնում 2, իսկ արուն՝ 2.5–3 տարեկանում։

Երևանի կենդանաբանական այգում ապրում են Սովորական լուսանի կովկասյան ենթատեսակին (Lynx lynx dinniki) պատկանող մեկ զույգ։ Արուի անունն է Ֆոքս, իսկ էգինը՝ Աչոն։

Կենդանիները պահվում են միասին, նույն ազատավանդակում։ Կերակրվում են տավարի, ձիու և թռչնի մսով։ Շաբաթական մեկ անգամ կրծողներով (ճագար, առնետ, ծովախոզուկ)։

Տեսակն ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում է պաշտպանվում է օրենքով։