Սովորական գետաձի

Կարգ- կետազույգ սմբակավորներ Cetartiodactyla

 Ընտանիք- գետաձիեր Hippopotamidae

 Ցեղ- գետաձի Hippopotamus

 Տեսակ-  Hippopotamus amphibius

Սովորական գետաձին գետաձիերի ընտանիքի սմբակավոր կաթնասուն է, այս ցեղի միակ ժամանակակից տեսակը։ Գետաձիու հատկանշական առանձնահատկությունը նրա կիսաջրային ապրելակերպն է: Նա ժամանակի մեծ մասն անցկացնում է ջրի մեջ՝ ցամաք դուրս գալով միայն գիշերը սնվելու համար։ Գետաձին ապրում է միայն քաղցրահամ ջրային ավազաններում:

Հասուն գետաձին կարող է ջրի տակ մնալ շատ երկար՝ շունչը պահելով սովորաբար 3-5 րոպե, հաճախ՝ մինչև 6 և նույնիսկ  10 րոպե։ 2 ամսական ձագը սովորաբար դուրս է գալիս 20-40 վայրկյանը մեկ: Հազվագյուտ դեպքերում նա կարող է վազել մինչև 30 կմ/ժ արագությամբ, բայց սովորաբար նրա քայլվածքը ծանր դանդաղ է:

Սովորական գետաձիու երկարությունը առնվազն 3 մետր է, որոշ գետաձիերի երկարությունը հասնում է 5,4 մ-ի: Գետաձիու միջին քաշը մոտ 3 տոննա է, որոշ առանձնյակների զանգվածը կարող է հասնել մինչև 4,5 տոննա: Արուների և էգերի քաշի տարբերությունը կազմում է մոտ 10%:

Գետաձիերը ներկայումս ապրում են միայն Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող տարածքներում: Գետաձիերի ընդհանուր պոպուլիացիայի մեծ մասը գտնվում է Արևելյան և Հարավարևելյան Աֆրիկայում, դա հիմնականում Քենիայի, Տանզանիայի, Ուգանդայի, Զամբիայի, Մալավիի և Մոզամբիկի տարածքներն են (այս տարածաշրջանում կա մոտ 80 հազար գլուխ): Զամբիան աֆրիկյան բոլոր երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում գետաձիերի քանակով` մոտ 40 հազար կենդանի: Հարավային Աֆրիկայում գետաձիերը գոյատևում են միայն արգելոցում:

Գետաձիու բիոտոպը ջրային ավազանների ափերն են:  Արևմտյան Աֆրիկայի մի շարք վայրերում գետաձին հանդիպում է գետերի գետաբերանում կամ ծովի հետ դրանց միախառնման վայրում, բայց ամեն դեպքում այն երբեք չի ապրում ծովի ջրում։

Սովորաբար գետաձիերը ապրում են 20-30 առանձնյակներից բաղկացած խմբերով, թեև երբեմն լինում են մեծ հոտեր՝ մինչև 150 և նույնիսկ 200 առանձնյակներ։ Գետաձիերի խմբերը հավաքվում են մեծ նախիրների մեջ, երբ անբարենպաստ պայմաններ են առաջանում, սովորաբար ջրամբարների մեծ մասի չորացման ժամանակ։ Հարեմ չունեցող չափահաս արուները ամենից հաճախ միայնակ են ապրում:

Գետաձիերը ավանդաբար դասակարգվում են որպես խոտակերներ, և սնվում են ջրի մոտ աճող խոտով։ Գետաձին երբեք չի ուտում ջրային բուսականություն։  Ուգանդայում գետաձիերի սննդակարգը ներառում է խոտաբույսերի 27 տեսակ։ Գետաձին օրական կարող է ուտել մինչև 70 կգ կեր, սակայն միջինում բավարարվում է մոտ 40 կգ-ով, որը կազմում է կենդանու քաշի մոտավորապես 1,1-1,3%-ը։ Աղիքի հսկայական երկարությունը (մինչև 60 մ) թույլ է տալիս գետաձիուն կերակուրը մարսել մարսողության շատ ավելի մեծ աստիճանով, քան նկատվում է, օրինակ, փղերի մոտ:

Էգերը սեռական հասունության են հասնում 7-15 տարեկանում, արուները՝ 6-14 տարեկանում։ Սեռական հասունության միջին տարիքը արական սեռի համար կազմում է 7,5 տարի, իսկ էգերի մոտ՝ 9 տարի: Որպես կանոն, զուգավորումը տեղի է ունենում տարին երկու անգամ՝ փետրվարին և օգոստոսին։ Ձագերի մոտ 63%-ը ծնվում են անձրևների սեզոնին։ Հղիությունը տևում է 8 ամիս։ Էգը ծննդաբերելուց առաջ հեռանում է նախիրից։ Ձագը միշտ ծնվում է միայնակ, կշռում է 27-50 կգ, ավելի հաճախ՝ մոտ 40 կգ , իսկ մարմնի երկարությունը մոտ 1 մ է։ Ձագի ծնվելուց հետո, մայրը նրան հրում է դեպի ջրի մակերես, քանի որ ձագը չի կարող շունչը պահել 40 վայրկյանից ավելի:

Բնության մեջ չափահաս գետաձին քիչ թշնամիներ ունի: Նրա համար լուրջ վտանգ կարող են ներկայացնել միայն առյուծները կամ նեղոսյան կոկորդիլոսը։ Բնության մեջ գետաձիու կյանքի տևողությունը մինչև 40 տարի է, իսկ անազատ պայմաններում գետաձիերն ապրում են շատ ավելի երկար՝ մինչև 50 տարի։

 2011 թվականի ամռանը Դոննա անունով մի էգ, որը պահվում էր ԱՄՆ-ում Էվանսվիլի Մեսքեր կենդանաբանական այգում, դարձավ 60 տարեկան։ Գետաձիերի պոպուլյացիան գրեթե ամբողջ աշխարհում գտնվում է մարդու ուժեղ ճնշման տակ: Այս կենդանու թվաքանակի մշտական նվազման տանող երկու հիմնական գործոն կա։ Առաջինը տեղի բնակչության կողմից գետաձիերի որսագողությունն է մսի և երբեմն ոսկորների համար: Երկրորդը կենսամիջավայրի ոչնչացումն է, որը տեղի է ունենում մի շարք պատճառներով։ Աֆրիկայի բնակչության աճը հանգեցնում է գյուղատնտեսական նպատակներով ավելի ու ավելի շատ հողերի օգտագործմանը, որոնք ծառայում են որպես բնակավայր  գետաձիերի համար:

Ներկայումս աշխարհի կենդանաբանական այգիներում մեծ թվով գետաձիեր են պահվում։ Անազատ պայմաններում բազմանում են բավականին հաճախ։ Ռուսաստանում գետաձիերի բազմացման առաջին դեպքը գրանցվել է 1885 թվականին Սանկտ Պետերբուրգի կենդանաբանական այգում։ Մինչ այդ գետաձիերը բուծվում էին միայն Լոնդոնի կենդանաբանական այգում։