Վագր


 Դաս    Կաթնասուններ Mammalia

Կարգ  Գիշատիչներ Carnivora

Ընտանիք Կատվազգիներ Felidae

Ցեղ  Ընձառյուծներ Panthera Տեսակ Վագր Panthera tigris

Տեսակի գիտական անվանումը փոխառնվել է հին պարսկական *tigri կամ «*taig» արմատից, որը թարգմանվում է որպես «սուր և արագ»: Վագրերը խոշոր ու ուժեղ գիշատիչներ են, որոնք իրենց չափերով ու քաշով զիջում են միայն արջերին։

Հարկ է նշել, որ մայրցամաքում ապրող վագրերը միշտ ավելի խոշոր են, քան կղզիներում ապրող գիշատիչները։ Ամուրյան և բենգալյան վագրերը հանդիսանում են այս ընտանիքի ամենամեծ կենդանիներից։ Հասուն արու առանձնյակները հասնում են գրեթե 3 մետր երկարության և կարող են կշռել մինչև 300 կգ: Մինչդեռ կենդանիները շատ ճկուն են և մկանուտ։ Վագրի արջևի վերջույթները հնգամատ են իսկ հետևինները՝ քառամատ։ Գլուխը մեծ է, կլորավուն իսկ ականջները փոքր։ Մազածածկի գունավորումը տատանվում է դեղնա-կարմրավունից մինչև ժանգա-դարչնագույն:

Որպես կանոն որովայնի, կրծքավանդակի, ինչպես նաև թաթերի ներքին մակերեսները սպիտակ են։ Գիշատչի ամբողջ մարմնով ձգվում են մուգ շագանակագույն կամ գրեթե սև լայնակի շերտեր։ Պոչի ծայրը միշտ սև է իսկ մորթու շերտերի դասավորությունը յուրահատուկ է, ինչպես մարդու մատնահետքերը և հիանալի քողարկում են կենդանուն բնական միջավայրում։ Վագրի մռնչոցը լսվում է գրեթե 3 կմ հեռավորության վրա։ Որսին հետապնդելիս գիշատիչը կարող է զարգացնել մինչև 60 կմ/ժ արագություն՝ անկախ շրջակա լանդշաֆտից:

Հասուն վագրը կարող է ուտել 30-40 կգ միս։ Սնվում են խոշոր սմբակավորներով, հիմնական սննդային օբյեկտների բացակայության դեպքում որսում են ավելի մանր կենդանիներ։ Բնական միջավայրում վագրերի կյանքի տևողությունը կազմում է 12-15 տարի, անազատության պայմաններում կենդանիների կյանքի տևողությունը կարող է հասնել մինչև 20-25 տարվա։

  Զուգավորման շրջանը դեկտեմբեր–հունվար ամիսներին է։ Միջին հաշվով, վագրերի հղիությունը տևում է 100-103 օր: Սովորաբար ծնվում է 2-4, հազվադեպ՝ 6 ձագ։ Մեկ շաբաթ անց ձագերի աչքերը բացվում են, առաջին 2 ամիսը սնվում են մայրական կաթով։ Մեկուկես տարեկանում ձագերը դառնում են բավականին անկախ, չնայած՝ շատերը չեն լքում իրենց մորը մինչև 3-5 տարեկան։ Այս գիշատիչ կատուները հիանալի լողորդներ են և սիրում են ջուրը։

Ներկայումս առանձնացվում է վագրի 9 ենթատեսակ, որոնցից 3-ը, ցավոք, արդեն անհետացել են։ Երևանի կենդանաբանական այգում բնակվում են երեք ամուրյան վագրեր՝ Ամուրը, Լոլիտան, Շական (Panthera tigris altaica), որոնք, ինչպես և մյուս ենթատեսակները, ընդգրկված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում։