Կայքը դեռևս գտնվում է մշակման փուլում։ Խնդիրների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։

Պարզաբանում
Երևանի Կենդանաբանական Այգի

Հայտարարություններ և պարզաբանումներ

blog
12Հունիսի

Պարզաբանում՝ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության վերաբերյալ:

Պարզաբանում Ի պատասխան լրատվամիջոցներում տեղ գտած Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից մեկի հայտարարությունների՝ հայտնում ենք, որ նմանօրինակ ապատեղեկատվությունը միտում ունի հերթական անգամ վարկաբեկել Երևանի կենդանաբանական այգու անունը, խաթարել բնականոն գործունեությունը։ Կենդանաբանական այգին աշխատում է ավելի քան առողջ մթնոլորտում, դա փաստում է համեմատականը ներկա իրավիճակի ու նախորդ տարիների։ Այս ընթացքում փորձել ենք զերծ մնալ նման կարգի ակնհայտ դիտավորություն ունեցող, անհեթեթ մեկնաբանություններին արձագանքելուց, սակայն, հարկ ենք համարում հստակեցնել․ Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից ազատվել են ընդամենը 2-ը՝ անհարգելի բացակայության հիմքով։ Այս պահին նախկին աշխատակիցների կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է ընդամենը 3 հայց, որոնցից 2-ը վերաբերում են վերոնշյալ աշխատակիցներին, իսկ մյուս հայցվորը՝ կենդանիների խնամքի բաժնի նախկին ավագ խնամող Հեկտոր Քոչարյանն է, ով ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ 2020 թվականի մարտի 17-ին։ Գործերը դռնբաց են և հրապարակային, առկա են «Դատալեքս» համակարգում։ Հեկտոր Քոչարյանի և նույն ստորաբաժանման մեկ այլ աշխատակցի միջև կատարվել է գույքի, ապրանքանյութական արժեքների գույքագրում և հանձնում-ընդունում, որին ներկա են եղել նաև գույքագրման համար ստեղծված հանձնաժողովի անդամները։ Հետևաբար, վերջինիս կողմից այն հայտարարությունը, որ տեղեկացված չի եղել իր և այգու միջև ծագած աշխատանքային իրավահարաբերությունների դադարեցման մասին՝ չի կարող համապատասխանել իրականությանը։ Աշխատակիցը նաև ծանոթացել և ստորագրել է աշխատանքից ազատման հրամանի իր օրինակին, պարտավորագրի բովանդակությանը՝ այգու տնօրենի տեղակալի, այգու իրավաբանի և մարդկային ռեսուրսների կառավարչի ներկայությամբ։ Հեկտոր Քոչարյանի կողմից աշխատանքից ազատման վերաբերյալ դիմումի՝ օրենքով սահմանված ժամկետներում հետվերադարձման պահանջ չի եղել։ Վերոնշյալը հաշվի առնելով՝ փաստացի Երևանի կենդանաբանական այգին կատարել է աշխատողի կամքը․ այն է՝ ազատել իրեն աշխատանքից համաձայն իր դիմումի։ Մեկնաբանությունը, որտեղ Քոչարյանը նշում է անհիմն պարտքերի մասին, ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հեկտոր Քոչարյանը մինչ ազատման դիմում գրելը արդեն օգտագործել էր 2020 թվականի իրեն հասանելիք ամենամյա արձակուրդը՝ 24 աշխատանքային օր տևողությամբ և ստացել էր դրա համար արձակուրդային գումար։ Մինչդեռ իրեն, դիմումը ներկայացնելու պահին, հասանելի էր ընդամենը 4 օր տևողությամբ ամենամյա արձակուրդ։ Այսինքն՝ այգին աշխատանքից ազատման պահին արդեն իսկ նրան վճարել էր 20 օր տևողությամբ արձակուրդի ավել գումար։ Երևանի կենդանաբանական այգին իր ավել վճարած գումարը ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 213-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով իրավունք ունի հետ պահանջել, որի համար ս․թ․ մայիսի 7-ին դիմել է ընդհանուր իրավասության դատարան։ Ինչ վերաբերում է նախկին աշխատակից Սուրեն Մուրադյանին, ապա նա ևս ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Անկախ այն հանգամանքից, որ տվյալ աշխատակիցը երկար տարիներ աշխատել է Երևանի կենդանաբանական այգում և չի առնչվել իր պաշտոնի անձնագրով սահմանված պարտականությունների կատարմանը, քանի որ տեղեկացված չի եղել այգու արտահանման և ներմուծման շրջանակներում կատարված գործունեության մասին, այնուամենայնիվ, նրան տրվել է հնարավորություն շտկելու թերացումները, շարունակելու աշխատանքը, սակայն վերջինս ներկայացրել է դիմում։ Կոչ ենք անում զերծ մնալ չհիմնավորված, ապատեղեկատվություն հաղորդող նման աղբյուրներից, և թույլ տալ կենդանաբանական այգուն իրականացնել իր առաքելությունը, ապահովել կենդանիների բարեկեցությունը և հանրության համար մնալ բարություն խորհրդանշող, սիրելի վայր։ 📌Երևանի կենդանաբանական այգում շարունակում են աշխատել երկար տարիների փորձ ունեցող, գործին գիտակ մարդիկ, որոնք իրականացնում են իրենց աշխատանքային պարտականությունները՝ ի բարօրություն կենդանաբանական այգու։

Created by potrace 1.15, written by Peter Selinger 2001-2017