Կայքը դեռևս գտնվում է մշակման փուլում։ Խնդիրների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։

img
Երևանի Կենդանաբանական Այգի

Իրադարձություններ

22Սեպտեմբեր
img
Փղերի պաշտպանության միջազգային օր

Աշխարհի շատ երկրներում սեպտեմբերի 22-ը նշվում է որպես փղերի պաշտպանության միջազգային օր: Բնապահպանական տարբեր կառույցների նախաձեռնությամբ ստեղծված այս տոնը, թեպետ դեռևս պաշտոնական կարգավիճակ չունի, սակայն հրաշալի առիթ է փղերին սպառնացող վտանգների մասին բարձրաձայնելու, ինչպես նաև նրանց պահպանությանն ուղղված ծրագրերի խթանման համար: Երևանի կենդանաբանական այգում ստեղծման օրվանից բնակվել են 5 փիղ: Այցելուների ամենասիրելի բնակիչ Բունկան է՝ այգու չարաճճի փղիկը: Նա լույս աշխարհ է եկել Վրաստանում Ամանորի եռուզեռին: Բունկան կամ Գրանտ կրտսերն ակտիվ ու աշխույժ կենդանի է, ամենից շատ սիրում է խնձոր ու բանան: Սեպտեմբերի 22-ը փղերին ուղղված միակ հիշարժան օրը չէ: Աշխարհի շատ երկրներում որպես Փղերի համաշխարհային օր է նշվում նոյեմբերի 30-ը: Այս կենդանուն նվիրված պաշտոնական տոն կա նաև Թայլանդում, այստեղ Փղի օր է համարվում մարտի 13-ը: Առանձին ուշադրության են արժանացել նաև անազատության մեջ ապրող փղերը. հունիսի 20-ը աշխարհում նշվում է որպես Կենդանաբանական այգիներում ապրող փղերի պաշտպանության համաշխարհային օր:

05Հունիս
img
Շրջակա միջավայրի համաշխարհային օր

1972 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 27-րդ նստաշրջանում հունիսի 5-ը հռչակվել է շրջակա միջավայրի համաշխարհային օր, որին հաջորդել է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) ստեղծումը: 2004 թվականից Հայաստանում հունիսի 5-ը նշվում է որպես բնապահպանի օր, ինչն էլ մեծ նշանակություն ունի մեզ համար, քանի որ մեր երկիրը հարուստ է կենսաբազմազանությամբ։ Բնության պահպանության խորհուրդը չպետք է սահմանափակվի միայն հունիսի 5-ով, այն պետք է մեզ ուղեկցի ամեն օր, որպեսզի անվտանգ և ապահով լինի մեր կյանքը Երկիր մոլորակի վրա։

22Մայիս
img
Կենսաբազմազանության միջազգային օր

Մայիսի 22-ին աշխարհը նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը: 2020թ-ի օրվա թեման է՝ «Մեր լուծումները բնության մեջ են»: Ըստ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տվյալների՝ ներկայումս աշխարհում նկարագրված է մոտ 1,75 միլիոն տեսակ, որոնց մեծ մասը միջատներ են: Մինչդեռ, ըստ տարբեր գնահատականների, տեսակների իրական թիվը տատանվում է 3-ից մինչև 100 միլիոնի սահմաններում: Սակայն այսօր աշխարհում մարդու գործունեության հետևանքով անհետանում են շատ բուսատեսակներ և կենդանատեսակներ, ինչպես նաև շատ տեսակների քանակը նվազում է: Բայց նաև մասնագետները հայտնաբերում են գիտության համար նոր տեսակներ: Բուսական և կենդանական աշխարհի տեսակների նվազման, կենսաբազմազանության պահպանության խնդիրներն առկա են նաև Հայաստանում: Մեր երկրի փոքր տարածքում առկա են շուրջ 3600 տեսակի բարձրակարգ բույսեր, 550 տեսակի ողնաշարավոր և շուրջ 17000 տեսակի անողնաշար կենդանիներ: Մարդածին և բնական տարբեր գործոնների ազդեցության ներքո Հայաստանի ֆլորայի և ֆաունայի բազմաթիվ տեսակներ գնահատվում են որպես անհետացող, կրիտիկական վիճակում գտնվող կամ վտանգված: 2010 թ-ին հրատարակվածԿարմիր գրքում ընդգրկված է բույսերի 452 տեսակ՝ 1989-ի Կարմիր գրքի 367-ի փոխարեն, 153 տեսակի կենդանի՝ նախորդ Կարմիր գրքի 99-ի փոխարեն: Այս ամենին ավելացել է նաև 40 տեսակ սունկ, 155 տեսակ անողնաշարավոր:

22Ապրիլ
img
Երկրի օրը

«Earth Day Network»-ը շեշտում է՝ Երկրի օրը շրջակա միջավայրի ճգնաժամային վիճակի միասնական արձագանք է: Մոլորակի համար հսկայական խնդիր է կլիմայի փոփոխությունը, բայց նաև կան հսկայական հնարավորություններ, այդ պատճառով կլիմայի փոփոխության վերաբերյալ գործողություններն էլ առանձնացվել են որպես Երկրի օրվա 50-ամյակի ամենաարդիական թեմա: Բնապահպանական միջազգային ցանցն այս օրը հայտարարում է գլոբալ վիրտուալ մոբիլիզացիա՝ կոչ անելով մոլորակի բոլոր մարդկանց միանալ իրենց earthday.org կայքի միջոցով: Կայքում ստեղծվել է «թվային լանդշաֆտ», որտեղ ուղիղ եթերների միջոցով կանցկացվեն քննարկումներ, կհնչեցվեն կոչեր, ելույթներ, կանցկացվեն վիդեո-դասընթացներ և այլն: «Չնայած կորոնավիրուսը մեզ ստիպում է միմյանցից հեռու մնալ, բայց այն չի կարող մեզ ստիպել լռել: Միայն համարձակ և միասնական պահանջը դեպի ապագայի նոր ճանապարհ կարող է փոխել աշխարհը... Անկախ նրանից, թե որտեղ եք գտնվում, դուք կարող եք փոփոխություն կատարել: Եվ դուք միայնակ չեք, քանի որ միասին մենք կարող ենք փրկել Երկիրը», - կոչ է հնչեցնում «Earth Day Network»-ը: Ինչպես է անցել Երկրի օրվա առաջին օրը. 1970 թ-ի ապրիլի 22-ին: 20 միլիոն ամերիկացիներ՝ այդ ժամանակ ԱՄՆ-ի բնակչության 10%-ը, դուրս եկան փողոցներ՝ բողոքելու բնապահպանական տգիտության դեմ և պահանջելու զարգացման նոր ուղի մոլորակի համար: Երկրի առաջին օրը վերագրվում է որպես ժամանակակից բնապահպանական շարժման մեկնարկ, իսկ այժմ այն ճանաչվում է որպես մոլորակի ամենամեծ քաղաքացիական իրադարձություն: 1970 թ-ին Երկրի առաջին օրը գործողությունների ալիք առաջացրեց, այդ թվում ՝ ԱՄՆ-ում բնապահպանական կարևոր օրենքների ընդունումը: Մաքուր օդի, մաքուր ջրի և վտանգված տեսակների մասին օրենքները ստեղծվեցին ի պատասխան 1970 թ-ի Երկրի առաջին օրվա: Շատ երկրներ շուտով ընդունեցին նման օրենքներ: Երկրի օրը մինչ օրս էլ կարևոր նշանակություն ունի: 2016 թ-ին ՄԱԿ-ը ընտրեց Երկրի օրը որպես այն օր, երբ պատմական փարիզյան կլիմայական համաձայնագիրն ուժի մեջ մտավ:

01Ապրիլի
img
Թռչունների միջազգային օր

Ապրիլի 1-ին աշխարհում նշվում է Թռչունների միջազգային օրը: Տոնի նպատակն է թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանումը: 1906 թ-ի ապրիլի 1-ին ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին» միջազգային կոնվենցիան: Իսկ Թռչունների միջազգային օրը սկսել են նշել ԱՄՆ-ում 1984թ-ից: Ներկայում աշխարհի շատ երկրներում այն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և կենսոլորտը» կենսաբանական ծրագրի շրջանակներում: Հայաստանը այն երկրներից է, որտեղ թռչունների տեսակների բազմազանությունը շատ լավ է ներկայացված: Նախկինում Հայաստանում ապրում էր 351 տեսակի թռչուն, բայց որսագողությունը, կերային բազայի կորուստը, անտառային տարածքների կրճատումը, ջրային միջավայրի անկանոն օգտագործումը հանգեցրին նրան, որ Հայաստանում թռչունների թվաքանակը սկսեց նվազել։ Վերջին հրատարակված Կարմիր գրքում ներառված է 96 տեսակի թռչուն: Թռչունների դերը բնության մեջ մեծ է: Նրանք շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցիչներն են, կանաչ տարածքների սանիտարները, մաքրում են կրծողներից ու միջատներից:

Created by potrace 1.15, written by Peter Selinger 2001-2017