
Պատմություն


Պատմություն
Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակն է։ Հայրենական պատերազմի տարիներին, երբ միջոցները չափազանց սուղ էին, Մոսկվան մշտապես իր ուշադրության կենտրոնում էր պահում Երևանի կենդանաբանական այգին։ Այգու ստեղծման որոշումը կայացվել էր դեռևս 1940 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից։ 1941 թ․ մայիսին Գետառ գետի գեղատեսիլ անկյունում՝ Աղվեսաձորում, 3 հեկտար տարածքի վրա սկսվել էր կենդանաբանական այգու շինարարությունը։ Այգու հիմնադիրն ու առաջին տնօրենը կենդանաբանական գիտությունների դոկտոր Արտավազդ Սարկիսովն էր։
1941-45թթ. հենց այդ դժվար տարիներին այգու առջև խնդիր դրվեց պահպանել կենդանատեսակների կազմը և սկսել կապիտալ շինարարությունը: 1941 թվականին Երևանի կենդանաբանական այգի եկավ բոլորիս հայտնի Վովա փիղը։ Երբ մեկնարկել էր պատերազմը, Ուկրաինայում կենդանաբանական այգին տարհանում են, տրանսպորտի բացակայության պատճառով փղի վարժեցնող Իվան Շչերբանն ու փիղը ոտքով ճանապարհ են ընկնում և 1941 թվականի աշնանը հասնում են Երևան։ Վովային բնակեցնում են այն ժամանակ դեռ կառուցվող կենդանաբանական այգում: Վովա փիղը կարճ ժամանակում դառնում է նոր կառուցվող կենդանաբանական այգու աշխատակիցների և երեխաների սիրելին։ Նույնիսկ նշվում է, որ պատերազմի տարիներին փիղն օգնում, հրում էր Մյասնիկյան պողոտայի զառիթափին կանգնած մեքենաները։ Վովայի կյանքի պատմությունը բոլորս գիտենք, նա մնացել է Երևանի հիշողության մեջ տխուր, բայց և շատ սիրելի մի մասնիկ։ Հայրենական պատերազմի հետ կապված ևս մի կարևոր դրվագ կա այգու պատմության մեջ․ պատերազմից հետո Խորհրդային միությունում գտնվող գերմանացիների ջանքերով են կառուցվել կենդանաբանական այգու տարածքում գտնվող որոշ շինություններ, որոնք մնում են այգու տարածքում որպես պատմական հուշ և իրենց մեջ կրում գաղտնիքներ ու կյանքի պատմություններ։


