ՄԵՐ ՄԱՍԻՆ

Երևանի կենդանաբանական այգին Սովետական Միության ամենաերիտասարդ կենդանաբանական այգիների մեկն է եղել:

Նրա ստեղծման գաղափարը տանում է 20-րդ դարի 30-ական թվականներ, բայց այն իրականություն է դառնում միայն 1940-ին`ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ:

«Կենդանաբանական այգու կապիտալ շինարարությունն սկսվել է  1941 թվականի մայիսին: Այգու համար հատկացված ամբողջ տերիտորիան ուներ 30-35 հեկտար ընդհանուր տարածություն:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կենդանաբանական այգու հետագա կապիտալ շինարարությունը զգալի չափով դանդաղեց: Այդ տարիներին Կենդանաբանական այգու գործունեությունն ուղղված էր ստեղծվածը պահպանելու և պատերազմական ժամանակի ծանր պայմաններում կենդանիները պահելու գործում եղած դժվարությունները հաղթահարելուն: Պատերազմի ավարտումից հետո Կենդանաբանական այգին սկսեց արագ զարգանալ, բարեկարգվել և հարստանալ կենդանիների մեծ կոլեկցիայով՝ հայրենական, հայկական և օտարերկրյա կենդանական աշխարհի ներկայացուցիչներով»,- նշված է Կիստաստուրովի «Երևանի կենդանաբանական այգին» ուղեցույցում:

1954 թվականին այգին ուներ 4 բաժին՝ սմբակավորների, գիշատիչների, թռչունների և սողունների։ 1980 թվականին Երևանի կենդանաբանական այգին արդեն ուներ 350 տեսակի կենդանի, սակայն 1990 թվականների սկզբներին այն նվազել է 90 %-ով։ 1990-ականների դժվարին տարիներին կային նաև կարծիքներ, որ Կենդանաբանական այգին պետք չէ Երևանին։ Սակայն Երևանի քաղաքապետարանի և սրտացավ մարդկանց շնորհիվ Այգին մեծ քայլերով առաջ գնաց։:

Ներկայումս կենդանաբանական այգում կան հետևյալ բաժինները՝ գիշատիչներ, թռչուններ, սմբակավորներ, պրիմատներ, ակվատերարիում: 2022 թվականի հուլիսի վերջի տվյալներով Երևանի կենդանաբանական այգում կա 126 կենդանատեսակ՝ 707 գլխաքանակ:

Կենդանաբանական այգում անցկացված «Species 360» միջազգային ընկերության ZIMS համակարգի վերապատրաստման դասընթացը (2022, հուլիս)

Կենդանաբանական այգու բաժնի վարիչների գիտամակարդակը բարձրացնելու նպատակով, վերջիններս պարբերաբար մասնակցում են գիտական սեմինարների, իսկ կենդանիների խնամողները ժամանակ առ ժամանակ վերապատրաստվում են:

Կենդանաբանական այգին մեծ տեղ է տալիս հատկապես սոցիալական գործառույթ պարունակող միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը, որոնք սովորաբար ուղեկցվում են երաժշտական համերգներով, թատերական ներկայացումներով, ինտերակտիվ զարգացնող խաղերով և այլն: Ավանդույթի համաձայն նման միջոցառումներ են կազմակերպվում ամեն տարի մայիսի 1-ին՝ Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացման օրը, հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Հունիսմեկյան միջոցառումը(2022)

Կարելի է ասել՝ կենդանաբանական այգին որդեգրել է ոչ միայն բնության պաշտպանության, վայրի բնության, դրա առանձին միավորների պահպանության առաքելությունն, այլև ստանձնել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործառույթ՝ կարևորելով հատկապես ներառականության դերը: Այս առիթով այգում տեղի ունեցած մասշտաբային միջոցառումներից է «Երազանքի երեկոն»: 25 տարվա միջազգային պատմություն ունեցող այս միջոցառման ցանցի անդամ են շուրջ 35 երկրների ավելի քան 300 կենդանաբանական այգիներ, որոնցից մեկն էլ Երևանի կենդանաբանական այգին է:

 «Երազանքի երեկո» միջոցառման ընթացքում Կենդանաբանական այգու դռները բաց են լինում միայն հրավիրյալների առջև՝ որպես հատուկ կարևորության հյուրեր։ Նրանց շարքերում են լինում դաունի համախտանիշ, հաշմանդամություն, տեսողական, լսողական և այլ խնդիրներ ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների, ինչպես նաև ծնողազուրկ երեխաներ։

«Երազանքի երեկո» միջոցառումը (2022, հոկտեմբեր)

Այգին կարևորելով մարդկանց ու կենդանիների շփումը մշակել է մի քանի մոտեցումներ դրանց իրականացման համար: Վերջինս պարբերաբար հյուրընկալում է ոլորտի կամավորների, ուսանողների, որոնց համար հնարավորություն է ստեղծում կիրառել մասնագիտական գիտելիքները գործնական դաշտում:

Բացի կամավորությունից, Այգին առաջարկում է այնպիսի ծառայություն, որի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է դառնալ իր սիրելի կենդանու խնամակալը: Դա իրենից ենթադրում է կենդանիների հետ անմիջական շփում, խնամում ու կերակրում:

Սպիտակ առյուծի խնամակալը (2021, նոյեմբեր)

Երևանի կենդանաբանական այգին այժմ ոչ միայն տեսարժան կամ ժամանցի վայր է, այլև հանդես է գալիս կրթական նախագծերով: Այգին համագործակցում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, Բնության պահպանության միջազգային միության (WWF), «Գերմանիայի բնության պահպանության միության» (NABU) հայաստանյան մասնաճյուղի, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի, «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի հետ: Վերջինս տեսական և գործնական դասեր է ունենում Այգում, կատարում կամավորական աշխատանքներ, մասնակցում կենդանիների բժշկական հերթական ստուգումներին:

Երևանի կենդանաբանական այգու կարևոր և առաջնային նպատակներից է ՀՀ Կարմիր գրքում և Միջազգային Կարմիր գրքում գրանցված վտանգված կենդանատեսակների պահպանումն ու բազմացումը, նոր կենդանատեսակներով և նոր ազատավանդակներով համալրվելը և, իհարկե, Այգու գլխավոր նպատակներից է եվրոպական այգիների չափորոշիչներին համապատասխան դառնալը: Այս առումով Կենդանաբանական այգին կարևորում է միջազգային գործընկերների հետ աշխատանքը. Այգին «Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումների ասոցիացիայի» (EARAZA) անդամ է, «Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի» (EAZA) թեկնածու:  

Երևանի կենդանաբանական այգին միշտ բաց է այցելուների համար: Կախված եղանակային պայմաններից այգու աշխատանքային ժամերը ենթակա են փոփոխման:

Կենդանաբանական այգու կենդանատեսակները պետական մեծ արժեք են ներկայացնում, ուստի խնդրում ենք Այգի այցելելիս պահպանել սահմանված կանոնները։