Կաթնասուններ
Զույգսմբակավորներ
Սնամեջ եղջերավորներ
Ոչխարներ
Հայկական մուֆլոնն առաջին անգամ նկարագրվել է 1840 թվականին` Էդվարդ Բլիթի կողմից, ով այն նույնացրել է 1774 թվականին Սամուել Գոթլիբ Գմելինի նկարագրած «Orientalische Schaaf» -ի («արևելյան ոչխար») հետ:
Տեսակը որպես «Հայկական մուֆլոն» հայտնի է և հայերեն և պարսկերեն՝ گوسفند وحشی ارمنی, Qutch-e armani։ Այլընտրանքային (Synonyms) անվանումներ են․ հայկական վայրի ոչխար, հայկական կարմիր ոչխար, անդրկովկասյան լեռնային ոչխար, անդրկովկասյան ոչխար և անատոլիական մուֆլոն։
Բնութագիրը
Սնամեջ եղջյուրավորների ընտանիքի վայրի ոչխար: Կազմվածքը սլացիկ է, համեմատաբար երկար ոտքերով։ Արուների մարմնի երկարությունը 130-135 սմ է, էգերինը՝105-120 սմ, մնդավի բարձրությունը սովորաբար մինչև 70 սմ, արուներինը՝ 90-94 սմ, զանգվածը՝ 50-60 կգ։ Էգերը զգալիորեն փոքր են՝ 35-45 կգ:
Արուների եղջյուրների երկարությունը սովորաբար չի գերազանցում 70 սմ։ Դրանք ձգվելով դեպի ետ կազմում են կիսաշրջան:
Էգերի եղջյուրները փոքր են, կան նաև եղջյուրազուրկ առանձնյակներ։
Մազածածկը կարճ է, կոշտ, Ձմռանը մարմնի հիմնական գույնը կարմրադեղնավուն կամ կարմրաշագանակագույն է՝ մոխրասպիտակավուն թամբանման բծերով։ Մարմնի ստորին մասը, ետին ոտքերը և դունչը սպիտակ են։ Կրծքավանդակը մուգ շագանակագույն է։ Առջևի ոտքերի վրա կան նեղ շագանակագույն կողային բծեր։ Ձմռանը պարանոցի տակ և կրծքավանդակի վրա աճում է կարճ սև «վզնոց»:
Տարածումը և բնական միջավայրը
Հայկական բարձրավանդակի էնդեմիկ ենթատեսակ է։ Հանդիպում է Հայաստանի հարավում, Նախիջևանում, Թուրքիայի արևելքում, Իրաքի հյուսիս-արևելքում և Իրանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում: Իրանում հայկական մուֆլոնները բնակեցնում են ընդարձակ տարածքներ, սակայն դրանց ընդհանուր թվի գնահատական չկա։ Հայտնի է, որ Կապուտան կղզում (Ուրմիա /Կապուտան/ լիճ) բնակվում է 2000-2500 մուֆլոն, որոնք բերվել են այնտեղ մոտ 100 տարի առաջ (1895 և 1906 թթ), և այս պահին այս պոպուլյացիան համարվում է ամենամեծն Իրանում: 1970-ականներին կղզում անցկացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նրանց թիվը 1970-1973 թթ ընթացքում 3500 առանձնյակից նվազել է մինչև 1000:
2004 թվականին Իրանի Զանջան նահանգի Անգուրանի պահպանվող տարածքում հաշվվել է 1658 հայկական վայրի ոչխար:
Նախիջևանում 2011-2012 թվականների դաշտային ուսումնասիրությունների արդյունքներով տեսակի ընդհանուր թիվը կազմել է 750–800 առանձնյակ, մեկ այլ գնահատման համաձայն՝ 1239 մուֆլոն։
1974 թվականի տվյալներով ՀՀ տարածքում մուֆլոնների թիվը ամառային գաղթի շրջանում չի գերազանցել հարյուր գլուխը։ 2009 թ ուսումնասիրության համաձայն Հայաստանում այս կենդանիների ընդհանուր թիվը չի գերազանցել 200 առանձնյակը։
Որոշ հեղինակներ նշում են, որ մոտ ապագայում մուֆլոնը կարող է անհետանալ Իրաքից և Թուրքիայից, որտեղ մեկ պոպուլյացիա (մոտ 2000 անհատ) պահպանվել է կենտրոնական Անատոլիայում (Կոնյա-Բոզդաղ լեռնազանգված) և ևս մեկը Վանա լճի և Իրանի հետ սահմանի միջև: Մինչդեռ այդ հեղինակների համաձայն այս գնահատականը չափազանց լավատեսական է, և լավագույն դեպքում կարելի խոսել հարյուրավոր կենդանիների մասին:
ՀՀ-ում ունի սահմանափակ տարածում և կանգնած է անհետացման եզրին: Առանձնյակները ոչ մեծ խմբերով (մինչև 7-8 գլուխ) հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Ուրծի լեռնաշղթայի վրա, Խոսրովի անտառ արգելոցում:
Ապրում է լեռնային չոր տափաստաններում, գիհու, նշենու և այլ չորասեր բուսականության առկայությամբ (Ուրծի լեռնաշղթա), ենթալպիան և ալպիական մարգագետիններում (Վայոց Ձոր և Սյունիք): Գերադասում է լեռնային կտրատված լանդշաֆտներ՝ կիրճերի, ձորակների և ժայռային ելքերի հետ համակցված բաց բիոտոպեր, 1000-3000 մ բարձրություններում:
Հայաստանում մուֆլոնն ապրում է մշտապես, ամռանը դիտվում է արուների սեզոնային միգրացիաներ Նախիջևանից: Մուֆլոնը պարբերաբար կատարում է ուղղահայաց սեզոնային միգրացիաներ. ձմռանը` դեպի նախալեռներ, ամռանը` դեպի բարձրալեռնային գոտիներ:
Սնվում են խոտաբույսերով, թփերի ճյուղերով, տերևներով, կեղևով։
Էգերն կազմում են խոշոր, երբեմն մինչև 100 առանձնյակից կազմված խմբեր, իսկ արուները միայնակ են կամ փոքր խմբերով:
Զուգավորումը տեղի է ունենում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, հղիությունը տևում է 5-6 ամիս։ Ձագերը ծնվում են մայիս-հունիս ամիսներին։ Սովորաբար, առաջին ծինում էգերն ունենում են մեկ, հետագայում զույգ ձագեր։
Ապրում է 12-14 տարի:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և ԲՊՄՄ կարմիր ցուցակում:
Գտնվելու վայր: Մյասնիկյան 20, ք. Երևան, Հայաստան
Հեռախոս: +374 10 56 23 62
Էլ. հասցե: [email protected]