Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1940 թվականին՝ դառնալով Սովետական Միության ամենաերիտասարդ կենդանաբանական այգիներից մեկը։ Դեռևս 1930-ականներին էր ձևավորվել գաղափարը Երևանում կենդանաբանական այգի ստեղծելու վերաբերյալ, սակայն այդ տեսլականը իրականություն դարձավ միայն 1940 թ-ին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ։
Այս առնչությամբ Կիստաստուրովի «Երևանի կենդանաբանական այգին» ուղեցույցում նշվում է.
«Կենդանաբանական այգու կապիտալ շինարարությունն սկսվել է 1941 թվականի մայիսին: Այգու համար հատկացված ամբողջ տերիտորիան ուներ 30-35 հեկտար ընդհանուր տարածություն: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կենդանաբանական այգու հետագա կապիտալ շինարարությունը զգալի չափով դանդաղեց: Այդ տարիներին Կենդանաբանական այգու գործունեությունն ուղղված էր ստեղծվածը պահպանելու և պատերազմական ժամանակի ծանր պայմաններում կենդանիները պահելու գործում եղած դժվարությունները հաղթահարելուն: Պատերազմի ավարտումից հետո Կենդանաբանական այգին սկսեց արագ զարգանալ, բարեկարգվել և հարստանալ կենդանիների մեծ կոլեկցիայով՝ հայրենական, հայկական և օտարերկրյա կենդանական աշխարհի ներկայացուցիչներով»:
1980-ականներին Երևանի կենդանաբանական այգին արդեն հպարտորեն ներկայացնում էր շուրջ 350 կենդանատեսակ, դառնալով քաղաքի սիրելի ու ճանաչելի վայրերից մեկը: Սակայն շուտով վրա հասան երկրի համար ծանրագույն տարիները։ 1990-ականների ընթացքում, տնտեսական ճգնաժամերի հետևանքով, կենդանատեսակների թիվը կրճատվեց մոտ 90 տոկոսով։ Այս տարիներին անգամ հնչում էին տեսակետներ, թե արդյոք Երևանին անհրաժեշտ է կենդանաբանական այգի։ Բարեբախտաբար, Երևանի քաղաքապետարանի և սրտացավ մարդկանց աջակցությամբ, այգին կարողացավ վերականգնվել և կայուն քայլերով առաջ շարժվել։
Այսօր Երևանի կենդանաբանական այգին ապաստան է ավելի քան 160 կենդանատեսակի համար։ Այստեղ ներկայացված կենդանիների զգալի մասը ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում, ինչպես նաև ՀՀ Կարմիր գրքում։
Այգին հանդիսանում է Եվրասիական կենդանաբանական այգիների միության հիմնադիր անդամ և Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի (EAZA) անդամակցության թեկնածու։
Այգու հիմնական բաժիններն են՝
Երևանի կենդանաբանական այգու տեսլականն է՝ դառնալ վտանգված կենդանատեսակների վերարտադրության և բնության մեջ վերաբնակեցման տարածաշրջանային առաջատար կենտրոն, միաժամանակ նպաստելով հասարակության էկոլոգիական կրթության բարձրացմանը։
Երևանի կենդանաբանական այգին, հետևելով ժամանակակից այգիների գաղափարախոսությանը, հետապնդում է չորս հիմնական նպատակ՝
Բնապահպանական ոլորտում իրականացվում են վտանգված տեսակների՝ անազատ պայմաններում բազմացման և պահպանման ծրագրեր՝ համագործակցելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և միջազգային բնապահպանական կառույցների՝ Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մանաճյուղի (WWF), Կովկասյան բնության հիմնադրամի (CNF), Գերմանիայի բնության պահպանության միության Հայաստանյան մասնաճյուղի (NABU), ինչպես նաև մի շարք կենդանաբանական այգիների հետ: Իրականացվող ծրագրերում առանձնակի ուշադրություն է դարձվում վտանգված տեսակների պահպանության խնդիրների վերհանման կարևորությանը հասարակության շրջանում: Մինչ այժմ իրականացված ծրագրերից առանձնակի կարևորություն ունեն ՀՀ կենդանիների Կարմիր գրքում ընդգրկված մորուքավոր անգղի և հայկական մուֆլոնի բազմացման ծրագրերը:
Գիտակրթական ծրագրերի շրջանակում Երևանի կենդանաբանական այգին համագործակցում է մի շարք ուսումնական հաստատությունների հետ, որոնցից են Երևանի պետական համալսարանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, Ա.Շիրակացու անվան ճեմարանը և այլ կրթական կենտրոններ:
Երևանի կենդանաբանական այգու տարբերանշանի վրա պատկերված են հայկական մուֆլոնի՝ հայկական վայրի խոյի, հպարտ ու վեհ եղջյուրները, ինչպես նաև այգու հայատառ անվանումը:
Հայկական մուֆլոնը, ինչպես հուշում է նրա անունը, Հայկական բարձրավանդակի էնդեմիկ տեսակ է։ Այն դարեր շարունակ առանձնահատուկ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի մշակույթում՝ հանդես գալով որպես տոտեմային կենդանի։ Ահա թե ինչու մուֆլոնի կերպարը հաճախ է հանդիպում հայկական ճարտարապետական հուշարձանների դեկորներում, մանրանկարչական աշխատանքներում, ինչպես նաև մի շարք տեղանուններում և տոհմանուններում։
Բացի մշակութային արժեքից, հայկական մուֆլոնն ունի նաև կարևոր բնապահպանական արժեք։ Այս տեսակն ընդգրկված է ՀՀ Կենդանիների Կարմիր գրքում՝ որպես վտանգված և բնության մեջ վերացման եզրին գտնվող կենդանատեսակ։ Հաշվի առնելով նրա պահպանման առաջնայնությունը՝ Երևանի կենդանաբանական այգում այն հանդիսանում է բազմացման և պահպանության թիրախային տեսակներից մեկը։
Ահա թե ինչու հենց հայկական մուֆլոնն է դարձել Երևանի կենդանաբանական այգու խորհրդանիշը՝ միավորելով պատմությունը, մշակույթը և բնության պահպանության կարևոր առաքելությունը։