Կաթնասուններ
Կենտսմբակավորներ
Պրժևալսկու ձի
Ձիեր
Հայտնաբերվել է ռուս ճանապարհորդ Ն Մ Պրժևալսկու կողմից 1878 թ՝ կենտրոնական Ասիայում, պաշտոնապես նկարագրվել է 1881 թ Պոլյակովի կողմից։ Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ /IUCN/ Կարմիր ցուցակում՝ որպես անհետացող /EN/ տեսակ։ Վերջին վայրի անհատը դիտարկվել է 1969 թ՝ Մոնղոլիայում։ Տեսակը պահպանվել էր միայն անազատ պայմաններում, ընդհանուր առմամբ 11 անհատ։ Այդ անհատների (և 1 ընտանի ձիու) բազմացման արդյունքում Պրժևալսկու ձին պահպանվեց որպես տեսակ։ Ներկայումս այս տեսակի տոհմացուցակը վարում է Պրագայի կենդանաբանական այգին, իսկ կենդանիների ընդհանուր թիվը հասնում է մի քանի հազարի։ 1992 թ-ից սկսվել է անազատ պայմաններում բազմացված կենդանիների վերադարձ Մոնղոլիայի և Չինաստանի հատուկ պահպանվող տարածքներ։ Անհետացման հիմնական պատճառ հանդիսացել է որսագողությունը։
Մինչ 20 –րդ դարի կեսերը Պրժևալսկու ձին համարվել է ընտանի ձիերի նախահայրը, սակայն քրոմոսոմային հետազոտությունները ցույց տվեցին, որ Պրժևալսկու ձին ունի 66, իսկ ընտանի ձին՝ 64 քրոմոսոմ։ 2017 թ կատարված գենետիկական հետազոտությունների հիման վրա պարզ դարձավ, որ Պրժևալսկու և ընտանի ձիերը առաջացել են երկու տարբեր գենետիկ ճյուղերից, ընդ որում Պրժևալսկու ձին գենետիկորեն առավել մոտ է նախնական ձևին։ Ժամանակակից ձիերի ուղղակի նախնիների և վարժեցման կենտրոնի հետ կապված մի շարք հարցեր դեռևս մնում են բաց՝ հնէաբանական նյութի մասնակիության պատճառով։
Արտաքինից ընտանի ձիերից տարբերվում են խոշոր գլխով, հաստ ու կարճ պարանոցով, կարճ բաշով, միայն ստորին մասում մազածածկ պոչով, թույլ արտահայտված ճակատային մազափնջով և այլն։ Մնդավի բարձրությունը՝ 120-130 սմ, մարմնի զանգվածը հասնում է 300-350 կգ: Մկանային համակարգը լավ զարգացած է, մարմինը շիկա-ավազագույն է, ամռանն ավելի մուգ է քան ձմռանը։ Բաշը, պոչը և ոտքերը կիսով չափ սև են։ Սոցիալական կենդանիներ են, ապրում են 15-17 առանձնյակներից բաղկացած խմբերով, որոնց ղեկավարում է արուն։ Վարում են ցերեկային կյանք։ Արուները սեռահասուն են դառնում 4-5 տարեկան հասակում, էգերը առաջին ձագն ունենում են 3-4 տարեկանում։ Զուգավորման շրջանը սկսվում է ապրիլից և շարունակվում մինչև օգոստոս։ Հղիությունը տևում է 11 ամիս։ Սովորաբար ծնվում է մեկ ձագ, հազվադեպ՝ երկու։ Նորածին ձագը մի քանի րոպե հետո կանգնում է ոտքի և 1-2 ժամ հետո արդեն հետևում է մորը։ Երիտասարդ արուները լքում են երամակը 1-2 տարեկան հասակում։
Բնության մեջ ապրում են 20-25, անազատ պայմաններում՝ 30-40 տարի։
Գտնվելու վայր: Մյասնիկյան 20, ք. Երևան, Հայաստան
Հեռախոս: +374 10 56 23 62
Էլ. հասցե: [email protected]