Լուսան

Content Image
Դաս

Կաթնասուններ

Կարգ

Գիշատիչներ

Ընտանիք

Կատվազգիներ

Ցեղ

Լուսաններ

Լուսանները կատվազգիների ընտանիքի գիշատիչ կենդանիներ են։ Ներկայումս տարբերակում են լուսանների չորս ժամանակակից տեսակ՝ Սովորական կամ եվրասիական լուսան (Lynx lynx) , Կանադական լուսան (Lynx canadensis), Պիրենեյան լուսան (Lynx pardinus), Կարմիր լուսան (Lynx rufus), որոնք տարբերվում են չափերով, գույնով և աշխարհագրական տարածվածությամբ։
Որպես կանոն, լուսաններն ունեն կարճ, բայց ամրակազմ մարմին, ականջների վրա կարելի է տեսնել երկարավուն և կոշտ մազերից ձևավորված լավ արտահայտված մազափնջեր, կարճ պոչ: Գլուխը կլորավուն է և համեմատաբար փոքր, աչքերը բավականին մեծ են, դունչը՝ կարճ, թաթերը մեծ են և լայն։
Ձմռանը, երբ ձյուն շատ է, լուսաններն առանց դժվարության քայլում են խորը ձյան միջով։ Դա պայմանավորված է նրանով, որ թաթերի ստորին հատվածը ծածկված է խիտ մորթիով։
Հասուն եվրասիական կամ սովորական լուսանի մարմնի երկարությունը հասնում է 80-ից 130 սմ-ի, մնդավի բարձրությունը՝ մոտ 70 սմ: Հասուն արու առանձնյակի քաշը կարող է հասնել 28 կիլոգրամի: Էգերն ավելի փոքր են և կշռում են 15–20 կգ:
Լուսանների մազածածի խտությունը և գունավորումը կախված է բնակության վայրից և կարող է տատանվել կարմրաշագանակագույնից մինչև մոխրագույն  երանգներով։ Միարժամանակ մեջքի, կողքերի և թաթերի վրա կան ավելի կամ պակաս արտահայտված մուգ բծեր։
Հարավային շրջաններում բնակվող լուսաններին բնորոշ է կարմրաշագանակագույն գունավորումը, մորթին  համեմատաբար կարճ և խիտ է։ Մազափոխություն լինում է տարին երկու անգամ՝ գարնանը և  աշնանը:

Բնության մեջ լուսաններն ապրում են միջինում 15–17 տարի, իսկ անազատության մեջ՝ մինչև 25 տարի։
Հիմնականում որսում են մանր կաթնասուններ և թռչուններ։ Լուսանները վարում են միայնակ ապրելակերպ և միայն զուգավորման շրջանում՝ մարտին սկսում են փնտրել զուգընկեր։ Հղիությունը տևում է 65–70 օր։ Լույս աշխարհ են գալիս 2–5, խուլ և փակ աչքերով, մոտ 300գր քաշով ձագուկներ։ Աչքերը բացվում են 12 օր հետո։ Առաջին ամսում սնվում են միայն մայրական կաթով, իսկ երկրորդ ամսից մայրն աստիճանաբար սովորեցնում է մսի։ Ձագերի խնամքով և դաստիարակությամբ զբաղվում  են երկու ծնողները էլ։ Էգ լուսանը սեռահասուն է դառնում 2, իսկ արուն՝ 2.5–3 տարեկանում։
Երևանի կենդանաբանական այգում ապրում են Սովորական լուսանի կովկասյան ենթատեսակին (Lynx lynx dinniki) պատկանող մեկ զույգ։ Արուի անունն է Ֆոքս, իսկ էգինը՝ Աչոն։
Կենդանիները պահվում են միասին, նույն ազատավանդակում։ Կերակրվում են տավարի, ձիու և թռչնի մսով։ Շաբաթական մեկ անգամ կրծողներով (ճագար, առնետ, ծովախոզուկ)։
Տեսակն ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում է պաշտպանվում է օրենքով։