Գիշանգղ

Content Image
Դաս

Թռչուններ

Կարգ

Ճուռականմաններ

Ընտանիք

Ճուռակներ

Ցեղ

Գիշանգղեր

Գիշանգղը ճուռակների ընտանիքի (Accipitridae) գիշանգղերի (Neophron) ցեղի միակ ներկայացուցիչն է։ Մարմնի երկարությունը 55-65 սմ, թևերի բացվածքը՝ 155-170 սմ։
Տեսակը առաջին անգամ նկարագրվել է 1758 թ Կարլ Լինեյի կողմից և ներկայումս համարվում է, էվոլյուցիոն առումով, անգղերի առավել հին ճյուղ և ծագումաբանորեն մոտ է մորուքավոր անգղին (Gypaetus barbatus):
Համարվում է, որ տեսակը բաժանվում է երեք ենթատեսակների, որոնցից Neophron percnopterus percnopterus –ն ունի առավել լայն տարածում՝ այդ թվում հանդիպում է նաև Հայաստանում։ Այն ընդգրկում է Միջերկրական ծովի ավազանի մի շարք երկրներ, Անատոլիական թերակղզին, Կովկասը, Իրանը, կենտրոնական Ասիան և Հնդկաստանի հյուսիսային շրջանները։ Հայաստանում հանդիպում է Հանրապետության ողջ տարածքում։
Սեռահասուն անհատների փետրավորումը սպիտակ կամ բաց մոխրագույն է, գլխի և վզի հատվածում երբեմն դեղնա-կարմրավուն։ Թևերի թափահարող փետուրները՝ սև, կտուցի հիմքը, դիմային չփետրավորված մասերը և ոտքերը վառ դեղին են, կտուցի ծայրը՝ սև։ Երիտասարդ անհատների փետրավորումը հիմնականում շագանակագույն է։ «Հասուն» փետրավորումը վերջնականապես ձևավորվում է 4-5 տարեկան հասակում։

Միջերկրական ծովի ավազանի մի շարք երկրներում 2021 թ իրականացված դիտարկումների համաձայն (BirdLife International 2021; Garrido et al. 2021) ենթատեսակի ընդհանուր քանակությունը գնահատվում է 2500-3750 սեռահասուն անհատ։ Եվրոպական պոպուլյացիաների վիճակը գնահատվում է կայուն, հյուսիսաֆրիկյան պոպուլյացիաները կրճատվում են 50-79 % վերջին 53 տարիների ընթացքում, միջինում ենթատեսակի համար ստանում ենք 10-37 % անկում։
ՀՀ տարածքում, Կարմիր գրքի (2010 թ) տվյալներով, առկա են 40-60 բնադրող զույգեր։
Պոպուլյացիաները միմյանցից տարանջատված են, ինչը տեսակին դնում է խոցելի և անկայուն վիճակում։ Տեսակը ԲՊՄՄ Կարմիր ցուցակներում ընդգրկված է որպես վտանգված։
Բնակեցնում է չոր, ցամաքային, հաճախ լեռնային բիոտոպեր, ժայռային ելքերով և կտրատված տեղանքով։ Չի խուսափում նաև մարդածին տարածքներից: Բնադրավայրերը տեղավորված են 400-1400 մ ծ․մ․բարձրության վրա (հյուսիսային Աֆրիկա), Հայաստանում՝ 200-2300 մ ծ․մ․։  
Բնադրում է ոչ մեծ անձավներում, ժայռերի ծերպերում, անձրևից պաշտպանված քիվերի վրա։ Մոնոգամ են, զույգերը կազմվում են երկարաժամկետ։ Զուգավորվում են վաղ գարնանը։ Բույնը կառուցում են ճյուղերից, կարող են օգտագործել նաև այլ նյութեր՝ այդ թվում աղբավայրերից վերցված առարկաներ և նյութեր։ Ձվակույտում 1-2, հազվադեպ 3 ձու է, թխսում և ձագերին խնամում են երկու ծնողներն էլ։ Ինկուբացիան տևում է 42 օր, ձագերը բույնը լքում են 90-110 օր հետո։ ։ Երկու կամ երեք ձագեր ավելի հաճախ դիտարկվել են եվրոպական պոպուլյացիաներում (Perennou et al., 1987, Tella, 1993)։
Բույնը լքելուց հետո մոտ երկու ամիս ձագերը կերակրվում են ծնողների կողմից։ Ինքնուրույն կերակրվող ձագերը լքում են ծնողների զբաղեցրած տարածքը։ Չվելուց հետո երիտասարդ առանձնյակները կարող են 1-3 տարի մնալ ձմեռման վայրերում և միայն դրանից հետո վերադառնալ «ծննդավայր»։

Լեշակեր են, սակայն ավելի քիչ կախվածություն ունեն խոշոր կենդանիների մնացորդներից, քան անգղերի այլ տեսակներ։ Կարող են բավարարվել ավելի խոշոր տեսակների թողած մնացորդներով, ինչպես նաև որսալ և սնվել մանր կենդանիներով՝ կրծողներ, կրիաներ, անգամ միջատներ։ Աղբանոցներում կամ ֆերմաների շրջակայքում սնվում է թափոններով, որտեղ առաջացնում են խմբակային կուտակումներ։ Երբեմն մեծ խմբեր են ձևավորվում նաև գիշերակացների վայրերում։
Հյուսիսային պոպուլյացիաների թռչունները սովորաբար ձմեռում են Աֆրիկայում՝ Սահարայից հարավ։
Հյուսիս-աֆրիկյան և որոշ մերձավորարևելյան պոպուլյացիաներում տեսակի թվաքանակի նվազման պատճառը թունավորումներն են՝ պատահական կամ կանխամտածված։ Որոշ վայրերում գիշանգղերը թունավորվում են աղբավայրերում՝ սնվելով կենցաղային թափոններուվ (Cuzin 2019)։ Արեալի հիմնական մասում, այդ թվում եվրոպական պոպուլյացիաներում, դիտարկվում են երկրորդային թունավորումներ ոչ մեծ կենդանիների դիակներից, որոնք մահանում են գյուղատնտեսական տարածքների պեստիցիդներով մշակման արդյունքում (BirdLife International 2021)։ 

Հյուսիսային Աֆրիկայում և որոշ ասիական պոպուլյացիաներում այս տեսակը ոչնչացվում է խրտվիլակներ պատրաստելու և թռչունների մարմնի մասերը ավանդական բժշկության մեջ օգտագործելու համար վաճառքի նպատակով (North African Birds 2014)։ Վերջին տարիներին մեծ թվով գաղթող թռչուններ մահանում են էլեկտրահաղորդալարերի և հողմային էլեկտրակայանների հետ բախման արդյունքում։ Հաճախ այդ կայանները տեղադրվում են թռչունների չուի ուղիների կամ բնադրավայրերի հարևանությամբ, ինչը էապես մեծացնում է թռչունների պոպուլյացիաներին հասցվող վնասը (AMFCR, 2018, UICN և DEF, 2020, STRIX 2012, Andevski 2017)։

Բնական միջավայրում կյանքի տևողությունը կազմում է առնվազն 21, անազատ պայմաններում՝ 37 տարի։