Սիրամարգ

Content Image
Դաս

Թռչուններ 

Կարգ

Հավազգիներ

Ընտանիք

 Փասիաններ

Ցեղ

Սիրամարգեր 

Փասիանների ընտանիքին պատկանող խոշոր և ամրակազմ թռչուն է՝ հովհարանման երկար վերնապոչով և վառ գունավորմամբ։ Արուների վերնապոչի փետուրների երկարությունը կարող է հասնել 120-160 սմ, մարմնի երկարությունը՝ 100-125 սմ, քաշը՝ մինչև 4-4.5 կգ։ Վերնապոչի երկար ծածկող փետուրների վրա կան վառ, աչքի նման նախշեր, որոնցից զուրկ են էգերը։ Վերնապոչն ընդհանուր վառ գունավորված է՝ կապույտ, կանաչ, նարնջագույն։ Արուն այն բացում է հովհարի նման՝ ի ցույց դնելով ողջ գեղեցկությունը։ Էգերի պոչը կարճ է, զուրկ վառ գունավորումից։

Սիրամարգերի առավել տարածված տեսակը սովորական կամ հնդկական սիրամարգն է (Pavo cristatus)։ Տարածված է Հնդկաստանում, Շրի Լանկայում, Պակիստանում, Նեպալում և այլն։ Մյուս տեսակը կանաչ սիրամարգն է (Pavo muticus), որն ունի 3 ենթատեսակ.

1․ Կայսերական կանաչ սիրամարգ (Pavo muticus imperator)

2․ Յավայան կանաչ սիրամարգ (Pavo muticus muticus)

3․ Բիրմանյան կանաչ սիրամարգ (Pavo muticus spicifer)

Այս ենթատեսակները հանդիպում են Մյանմայում (Բիրմա), Թաիլանդում, Լաոսում, Կամբոջայում, Յավա կղզում և այլն։

Սովորական սիրամարգը բնակվում է թփուտային բուսականությամբ հարուստ անտառներում, հիմնականում ջրից ոչ շատ հեռու գտնվող տարածքներում։ Քնում է ծառերի վրա չնայած, որ կյանքի մեծ մասն անց է կացնում հողի վրա։
Բուսակեր թռչուն է, սնվում է տարբեր հատիկային կերերով, մրգերով, այլ բուսականությամբ։ Սննդակարգում կարող են լինել նաև մանր կրծողներ, սողուններ, միջատներ։

Զուգավորման ժամանակահատվածը տարբեր է՝ ըստ տարածաշրջանի։
Հնդկաստանում այն տևում է հուլիսից հոկտեմբեր, իսկ Ցեյլոնում` հունվարից ապրիլ։ Բնադրում է հողի վրա, բույնը պատրաստում է չոր խոտից և տերևներից։ Ձվակույտում 4-7 ձու, թխսում է էգը, ինկուբացիոն ժամկետը մոտ 30 օր է։ Երեք շաբաթական հասակում դրսևորվում է սեռական դիմորֆիզմը։ Սեռահասուն են դառնում 3 տարեկան հասակում։